Պառկել ես բաց դաշտում, նորածիլ խոտերի վրա՝ հայացքդ երկնքին: Իսկ երկնքում արև կա, ամպերի քուլաներ են, թռչուններն են սավառնում և անսահմանությունն է:
Թիկունքիդ հողն է: Կանաչ ծածկոցով պինդ հողը: Ամրություն ես զգում: Խորություն ես զգում, որ լցված է անդրդվելի նյութով: Ու դու պառկած ես անսահմանության և դիմադիր նյութեղենի ճիշտ կենտրոնում: Անշարժ մեկնվել ես և զգում ես, թե ինչպես երկնքինը գալիս, քեզնով անցնում է երկրին: Հողանցում է: Լիցքերը պարպվում են քո ներսում, անտես մասնիկների մի ողջ փոթորիկ խրվում է մարմնիդ մեջ, հող ու երկինք մերձենում են մաշկիդ տակ, գգվանքից կիրքն է հոսում: Ու սիրտդ հանկարծ կծկվում, թալկանում է երանության շոյանքից, որովհետև նրանց համար դու շանթարգել ես: Երկնքի ու հողի միջանկյալն ես:
Հովիկ Չարխչյան